close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2023
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2023
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս 17)

Թուղթուգիր

13 Մայիսի 2020, 14:12
 Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս 17)

Երկնափեշյանը ժպտաց, տեսնելով Համոյի հեռանալը։ «Ուր որ է, գործը պիտի գլուխ գա»,— մտածեց նա, վերցրեց իր ձեռնափայտն ու ճամփա ընկավ դեպի Գայանեի և Գևորգի համատեղ բակը՝ Վարդավառը նշելու։ Քանի որ ժամանակ շատ կար, նա որոշեց գյուղի վերևով՝ եկեղեցի տանող ճանապարհով գնալ, քահանային տեսնել, ով եկեղեցու բակում կանգնած, ներքևից վերև նայելով՝ գմբեթն էր զննում ու մտածում նորոգման ծախսերի մասին։ Երկնափեշյանն աննկատ մոտեցավ նրան և մի քիչ ցածրաձայն, սակայն՝ անսպասելի դիմեց նրան․․

— Օրհնեցեք, Տեր Հայր․

— Աստված օրհնի,—  հանկարծակիի գալով տեղից վեր թռավ ու շրջվելով պատասխանեց Տեր Մովսեսը, և փորձեց ծնկի իջնել՝ իր առջև հայտնաբերելով մետաֆիզիկոսին,— ինչպե՞ս եք, հարգարժան Երկնափեշյան։

Տեր Մովսեսը, իրեն անհասկանալի պատճառով, ամեն անգամ փորձում էր ծնկել, երբ տեսնում էր Երնափեշյանին, սակայն մետաֆիզիկոսը թույլ  չէր տալիս նրան, և, կարծես մտքերն ընթերցելով, արմունկներից պահում, բարձրացնում էր վեր։ Այս անգամ էլ, կռահելով նրա մտադրությունը, երկնափեշյանը ընդհատեց նրան ու կատակով շարունակեց․

—Ես կամ ու դատապարտված եմ լինելու, Տեր Հայր։ Դուք ինչպե՞ս եք։ Ինչպե՞ս է Ձեր համայնքը։ Մարդիկ ինչպե՞ս են։

— Լավ են, փառք Աստծուն,— Տեր Մովսեսը նայեց երկնքին ու խաչակնքեց այնպիսի զգացողությամբ, կարծես այս անգամ Աստված ուղիղ իրեն էր նայում,—բայց մայրաքաղաքում հեղափոխություն է, աշխարհում համավարակ։ Երեկ փողոցներ էին փակում, այսօր սահմաններ։ Եվ ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ կլինի։

— Հեղափոխությունը լինում է այն ժամանակ, երբ հոգով անազատ մարդիկ ուզում են փոխել իրենց տերերին,— հոգու միանվագ, միապաղաաղ անդորրով պատասխանեց Երկնափեշյանը։

— Այնպես որ՝ կանցնի, կգնա,— շարունակեց նա,—սակայն, մի քիչ դժվար կլինի հոգով ազատների համար։

Այս ասելով Երկնափեշյանն սկսեց քայլել եկեղեցու շուրջը, այնպես, կարծես մշակույթի նախարարությունից եկած, պատմական հուշարձաններ ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ լիներ։ Քահանան էլ շտապեց նրա ետևից։ Նա Երեսունհինգ - երեսունվեց տարեկան կլիներ, և Երկնափեշյանին, անբացատրելիորեն, ծնողի պես էր սիրում։

— Համավարակն էլ կանցնի,—  Մարդը կգտնի բուժման եղանակները։ Ի վերջո ուղակիորեն թե անուղղակիորեն, ինքն է այս ամենի հեղինակը։ Ձերը աղոթքն է, Տեր Հայր։ Դուք որ աղոթեք, Աստված բարեհաճ կլինի,— Նա մի պահ կանգ առավ, ապա շարունակեց,— դպրոցում ինձ հարց տվեցին աշակերտները, թե ինչու՞ եմ իրենց բարձր գնահատում։ Ասացի՝ Որպեսզի վերև ձգվելու առիթ ունենաք։ Դուք որ ազնիվ աղոթեք, Տեր Հայր, Աստված բարձր կգնահատի մարդկանց, նրանք էլ վերև կձգվեն։ Թե չէ, մարդիկ սկսել են իրենց ոտքերի տակ ու անդունդներին նայել, սեփական քթից այն կողմ չտեսնել։ Իսկ անդունդները քաշելու հատկություն ունեն, երբ երկար ես նայում նրանց խորխորատներին։ Կարծում եմ, Ձեր, այսինքն՝ հոգևորականների աղոթքի պակասից է, որ Աստված ամեն բան չի տեսնում։

— Ես ամեն անգամ Ձեզ հետ խոսելիս, լեզուս կապվում է, հարգելի Երկնափեշյան։ Այնպիսի տպավորություն է, թե ժամանակը կանգ է առնում, ու ես երկնքի հետ եմ խոսում,— Ասաց Տեր Մովսեսը։

— Մարդն է հորինել  ժամացույցն էլ, ժամանակն էլ, ու շրջանակի մեջ է առել հավերժությունը։ Հավերժությունը կանգ առնել չի կարող, որովհետև գետի պես անընհատ է, ասել է՝ հաստատուն է։ Եվ իր հորինած ժամանակի ամեն մի վայրկյանը, մարդն ասես՝ լցրել է կացնահատումներով՝ տառապանքով ու ցավով։

— Բայց չէ՞ որ փորձությունները Աստված է առաքում մեզ, հարգելի Երկնափեշյան, ինձ այդպես են սովորեցրել դեռևս հոգևոր ճեմարանում,— զարմացած հարցրեց Տեր Մովսեսը։

— Իհարկե ոչ,— անմիջապես պատասխանեց Երկնափեշյանը,— Տառապանքը մասնավոր տիրույթ է։ Եվ մարդը, և ժողովուրդը միայն այստեղ են բացարձակ ազատ, որովհետև ոչ ոք չի պատրաստվում գրավել նրանց տառապանքի զուտ անձնական տարածքը։ Տառապանքի մեջ ճշմարտություն շատ կա։ Կա փորձ և իմաստ, սակայն թթվածնի ու կենսական տարածության պակաս կա, նաև։

Երկնափեշյանը կանգ առավ ու շարունակեց․

—Տառապանքը, եթե անսահման է, անտանելի, ապա, սպանում է մարդուն, կոտրում է նրան և, հաճախ, հենց մարդն ինքն է մեկ այլ մարդու տառապանքի պատճառը դառնում։ Մեկի ցավը մյուսի համար եկամուտի աղբյուրն է, ասես։ Սակայն տառապանքն է մեր արժեքների դարբնոցը։ Ահա այսպես։

Եկեղեցու բակում մի քանի այլ բալիկների հետ վազվզում, խաղում էին Տեր Մովսեսի երեք զավակները։ Քահանան նկատողություն արեց նրանց, որպեսզի չաղմկեն, որովհետև՝ Երկնափեշյանին կարող էր անընդհատ լսել, և երբեք չէր բանավիճում նրա հետ, այլ հարցեր էր տալիս ու պատասխանները հոգով ըմբոշխնում։

— Ընկեր Երկնափեշյան, Աստված թող ների ինձ,— այս ասելուն պես Տեր Մովսեսը սկսեց երկնքին նայելով՝ ակամա ծնկի իջնել, սակայն մետաֆիզիկոսը դարձյալ կանգնեցրեց նրան ու աչքերով հասկացրեց, որ լսում է։

— Բայց ես, երբեմն մտածում եմ, որ մարդու հոգին բանտարկված է նրա հողեղեն մարմնի մեջ, իսկ Երկիր Մոլորակը փորձությունների ու տառապանքի դաշտ է մարդկության համար, և մահն ազատագրում է մարդուն, իսկ Աստված որոշում է նրա ապագան, ըստ նրա ապրած կյանքի։

—Աստված «Ծիր Կաթին» համաստեղության անհամար, անթիվ, անհաշիվ մոլորակներից մեկն առանձնացրել, իր սիրով բոցավառել, ծաղկեցրել տվել է մարդուն, Տեր Հայր, նրան երջանիկ տեսնելու համար։ Բայց մարդու համար դա քիչ էր։

Երկնափեշյանը դադար տվեց ու մտքերի գիրկն ընկավ․

—Ինչ որ սխալ կա այս ամենի մեջ,— շարունակեց Երկնափեշյանը։

Քամի բարձրացավ։ Ոչինչ չէր լսվում։ Տեր Մովսեսը ընդհուպ մոտեցավ մետաֆիզիկոսին, որպեսզի ոչինչ բաց չթողնի և կանգնեց ուղիղ նրա դիմաց․

— Աստված փնտրում է այդ սխալը, որովհետև պատասխանատու է մարդկության համար այնպես, ինչպես Դուք՝ Ձեր երեք զավակների։

Տեր Մովսեսը ասես ամեն ինչ հասկացավ և վերջնականապես իջավ ծնկի ու սկսեց աղոթել։ Երկնափեշյանը Ձեռքը դրեց նրա ուսին, ու կամաց հեռացավ, ասելով․

— Պայծառակերպության տոնը շնորհավոր, Տեր Հայր։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica