1226թ.-ից ի վեր առաջին անգամ Յուպիտերն ու Սատուրնը կգտնվեն ամենամոտ հեռավորության վրա
Խճանկար

Ըստ Ռայսի համալսարանի գիտնականների հաշվարկների՝ դեկտեմբերի 21-ին մայրամուտից հետո Յուպիտերն ու Սատուրնը միջնադարի ժամանակներից ի վեր առաջին անգամ գիշերային երկնքում իրարից ամենամոտ հեռավորության վրա կհայտնվեն: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով Phys.org-ում հրապարակված մամուլի հաղորդագրությունը:
Համալսարանի աստղագետի խոսքով՝ երկու մոլորակների մոտենալը հազվադեպ է լինում, պատահում է մոտ 20 տարին մեկ անգամ, սակայն այս տարվա աստղագիտական ֆենոմենը հատկապես ուշագրավ է:
«Գիշերային երկնքում տեսանելի այս օբյեկտների ավելի մոտ գտնվելը տեսնելու համար դուք ստիպված կլինեք վերադառնալ 1226 թվականի մարտի 4-ի արևածագին»,- ասել է նա ու պարզաբանել նաև, որ եթե եղանակը հնարավորություն տա, իրադարձությանը կարելի է հետևել Երկրի ցանկացած մասից` չնայած դրա համար լավագույն պայմանները կլինեն հասարակածի մոտակայքում: