Լոսանջելեսաբնակ հայ երիտասարդը ցանկանում է վերաբնակվել Արցախում
Հարցազրույց

Հայրենիքում վերահաստատվելու մտադրությամբ՝ Արսեն Շիրվանյանն Արցախ է ժամանել ԱՄՆ-ից։
Լոսանջելեսաբնակ մեր հայրենակիցը դեռևս Արցախյան քառասունչորսօրյա պատերազմի օրերին, թողնելով բավականին խոստումնալից մասնագիտական աշխատանքը Ամերիկայի Արևմտյան ափ Հայ Դատի հանձնախմբի գրասենյակում, վերադարձավ հայրենիք՝ կամավորագրվելու նրա պաշտպանությանը։ Այնուհետև առավել ամրապնդվեց Արսենի՝ Արցախում վերահաստատվելու վաղեմի նպատակը։ Այժմ նա ապրում և գործում է Արցախում՝ փորձելով իր օրինակով վարակել նաև սփյուռքահայ իր մյուս ընկերներին ու հայրենակիցներին։
Ի՞նչն է հայ երիտասարդին ամերիկյան տաքուկ անկյուններից բերել Արցախ։ Ինչո՞ւ է սփյուռքահայ երիտասարդը հայրենադարձության համար ընտրել հայրենիքի արցախյան հատվածը և անձնական ու գործնական ի՞նչ ծրագրերով է Արցախում։ Այս և այլ հարցերի շուրջ Արսեն Շիրվանյանն անկեղծացել է մեզ հետ հարցազրույցի ընթացքում։
-Բարև Ձեզ, Արսեն։ Կխնդրեի պատմեք անցած տարվա աշնանն Արցախում սկսված պատերազմին մասնակցելու մտադրությամբ ԱՄՆ-ից հայրենիք վերադառնալու որոշման մասին։
- Բարև Ձեզ, Վան։ Ես աշխատում էի Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակում՝որպես կառավարական գործերի վարիչ։ Հայրս Պարսկաստանից է վերադարձել հայրենիք և մասնակցել Արցախյան Առաջին պատերազմին։ Մայրս արցախցի է՝ Ստեփանակերտից։ Ես ծնվել եմ Հայաստանում, հետո ընտանիքով տեղափոխվել ենք ԱՄՆ։ Դեռ պատանեկան տարիքից էի մտածում հայրենադարձության մասին։ Գիտակցում էի, որ հայրենիքին այլընտրանք չկա և որ չեմ կարող ապրել օտարության մեջ։ Այսպես, մի կողմից ընտանիքիս օրինակով ստացած հայրենասիրական ոգու, մյուս կողմից` հայրենիքի հանդեպ պարտքի ներշնչմամբ, հայրենիք վերադարձա անցած տարվա հոկտեմբերին` Արցախում սկսված պատերազմի ժամանակ։ Սկզբում վճռել էի կամավորագրվել և մեկնել ռազմաճակատ, սակայն փաստաթղթային խնդիրների պատճառով չհաջողվեց։ Փոխարենը որոշեցի մնալ և գործել՝փորձելով օգնություն ցուցաբերել արցախցիներին։ Այս ընթացքում տարբեր ծրագրերի իրագործման ձեռնամուխ եղա։ Սկզբում նկատեցի, որ առաջնահերթ է Արցախից տարհանված բնակչությանը տաք հագուստով, անկողնային պարագաներով ու էլեկտրական ջեռուցիչներով ապահովելու խնդիրը։ Ամենասկզբից մի քանի հարյուր վերմակներ կարեցինք և տրամադրեցինք տարհանված արցախցիներին, այնուհետև նաև էլեկտրական ջեռուցիչներ։ Դեկտեմբերին օգնություն ցուցաբերելու ծրագրերով արդեն Արցախում էինք։ Մեզ հետ բերել էինք սնունդ և հիգիենայի պարագաներ, որոնք տրամադրեցինք ավելի քան հարյուր ընտանիքի։ Շարունակում եմ ուսումնասիրել կարիքները, որպեսզի ըստ անհրաժեշտության շարունակեմ աջակցության ծրագիրը։ Այժմ Համազգային Հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի հետ համատեղ ծրագիր ենք մշակում, որպեսզի կապ հաստատենք Ամերիկայի ՀՅԴ պատանեկան ու երիտասարդական խմբերի հետ՝ ուղիղ ձևաչափով Արցախում տիրող իրավիճակն ու խնդիրները ներկայացնելու համար։ Ըստ այդմ՝կհասկանանք, թե ով ինչով կարող է օգտակար լինել Արցախին։ Ներկայումս իրականացվող մեր հերթական ծրագիրն Արցախի բոլոր դպրոցների առաջինից երրորդ դասարանների աշակերտներին գրենական պիտույքներով ապահովելն է։ Այդ ծրագրի շրջանակներում արդեն եղել ենք մոտ վաթսուն գյուղական կրթօջախներում։
-Երբ դեռ ԱՄՆ-ում որոշում ընդունեցիք վերադառնալ հայրենիք և մասնակցել պատերազմին, ունեի՞ք ծանոթներ, որոնք նույնպես ցանկանում էին միանալ Ձեզ։
-ԱՄՆ-ում՝ ոչ, բայց Արցախում հանդիպեցի ավելի քան հիսուն սփյուռքահայ երիտասարդի, որոնք եկել էին Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Արգենտինայից և այլ երկրներից։ Նրանք տարաբնույթ աջակցություն էին ցուցաբերում արցախցիներին։ Կհորդորեի սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին, որպեսզի բոլորը գան Արցախ և զորակից լինեին։
-Արսեն, կարո՞ղ ենք ասել, որ վճռել ես վերաբնակվել Արցախում։
-Այդ որոշումը ես կայացրել էի դեռևս քսան տարի առաջ։ Դեռ տասնմեկ-տասներկու տարեկան էի։ Ժամանակի հետ տրամաբանորեն նաև պատճառները հասկացա։ Բացի Հայաստանից ու Արցախից՝ ուրիշ տեղ ապրել տարբերակ չէ։ Վճռել էի, որ չափահաս դառնալուց հետո պիտի վերադառնամ հայրենիք՝Հայաստան։ Արդեն վերջին հինգ տարիներին մտածում էի Ստեփանակերտում վերահաստատվելու մասին։ Այժմ արդեն աշխատում եմ այդ ուղղությամբ և մոտակա մեկ-մեկուկես տարվա ընթացքում արդեն մշտական բնակության համար կտեղափոխվեմ այստեղ։ Կփորձեմ օգտակար լինել արցախցիներին՝ ինչով կարող եմ։
-Շարունակո՞ւմ ես համագործակցել Ամերիկայի Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախմբի հետ և ի՞նչ ձևաչափով։ Ի՞նչ ծրագրեր են այսօր հանձնախմբի օրակարգում։
-Համագործակցությունը միանշանակ շարունակվում է։ Հանձնախումբն այսօր աշխատանքներ է իրականացնում Արցախին աջակցելու գործում ԱՄՆ-ին ընդգրկելու ուղղությամբ։ Այստեղից ես փորձում եմ փոխանցել անհրաժեշտ տեղեկությունները։ Ինչ վերաբերում է Հայ Դատի հանձնախմբի առջև ծառացած նոր հրամայականներին՝պայմանավորված Արցախյան պատերազմի հետևանքներով, ապա առաջնահերթ խնդիրը տեղահանված արցախցիներին ԱՄՆ-ի կողմից ֆինանսական աջակցության կազմակերպումն է։ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբերը ներկայումս հորդորում են ԱՄՆ կառավարությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու Արցախին։ Բացի այդ, կարևորվում է նաև Հալո Թրասթ ականազերծող կազմակերպության ֆինանսավորումն ու գործունեության շարունակումն Արցախում։
-Արսեն, կարծում եմ, կհամաձայնես, որ Սփյուռքը, հատկապես երիտասարդությունն իր մասնագիտական ներուժով բավականին օգտակար կարող է լինել հետպատերազմյան Արցախի վերաշինմանն ու կենսական խնդիրների լուծմանը։
-Միանշանակ համաձայն եմ։ Ներկայումս տարբեր խնդիրներ կան Արցախում, որոնք պիտի լուծեինք վաղուց, սակայն արդեն պատերազմից հետո տեսնում ենք, թե դրանք որքան են մեծացել ու խորացել և ինչպիսի դեր են ունեցել պատերազմի ժամանակ։ Հուսով եմ, որ սփյուռքահայերը կգան և իրենց մասնագիտությամբ՝լինի քաղաքաշինություն, գյուղատնտեսություն, առողջապահություն ու քաղաքականություն, օգտակար կլինեն Արցախին, որովհետև կարիքը մեծ է։ Մենք պիտի շարունակենք ապրել Արցախում։ Ուրիշ տարբերակ չկա։
-Որքանով տեղյակ եմ, դու նույնպես այդպիսի ծրագրեր ունես՝Սփյուռքի երիտասարդությանն Արցախի վերաշինման գործում ընդգրկելու համար։
-Այո, կա նման ծրագիր, որն իրականացվում է ՀՅԴ բյուրոյի Երևանի երիտասարդական գրասենյակի միջոցով։ Ըստ այդ ծրագրի նախատեսվում է, որ Սփյուռքից մեր հայրենակիցները կգան Արցախ և իրենց մասնագիտությամբ երեքից վեցամսյա ծրագրերի իրագործման շրջանակում կաջակցեն գյուղատնտեսության, բիզնեսի և այլ ոլորտների գործունեությանը։ Մոտակա ամիսներին մի քանի սփյուռքահայեր կգան Արցախ և կսկսեն իրենց աշխատանքը։ Ես նույնպես փորձում եմ օգնել այդ ծրագրի իրականացմանը։
-Արսեն, իսկ ինչպիսի՞ն են անձնական ծրագրերդ՝ կապված Արցախում վերաբնակվելու հետ։
-Հուսով եմ, որ կկարողանամ այստեղ տուն կառուցել և մշտական տեղափոխվել հայրենիք։ Կամուսնանամ։ Կարևոր է, որ երեխաներս այստեղ մեծանան, արցախցի լինեն։ Մասնագիտությամբ քաղաքագետ և պատմաբան եմ։ Եթե չկարողանամ աշխատել այդ մասնագիտություններից մեկով, ապա պատրաստ եմ օգնել ինչով կարող եմ։ Ամենակարևորը՝ ապրեմ Արցախում, որովհետև Արցախն իմ հայրենիքն է նույնքանով, որքանով այստեղ ծնված ու ապրող արցախցունը։ Ուրիշ տեղ ես ինձ չեմ պատկերացնում։
Աղբյուրը՝ artsakhtert.com