ՀՀ գործող իշխանություններն ունեն հարճի կարգավիճակ. քաղաքագետ
Հարցազրույց

Yerkir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
- Պարո՛ն Ղևոնդյան, ակնհայտ է, որ օրվա իշխանությունը տարբեր պատճառներով չի պաշտպանում հայության կենսական շահերը։ Նրանք մի կողմից պատրաստվում են «խաղաղության դարաշրջանի» բացմանը, իսկ մյուս կողմից` դարավոր թշնամու հետ բարիադրացիական հարաբերությունների հաստատմանը։ Արդյո՞ք այդ բանակցություններն այս պահին մեզ անհրաժեշտ են, և արդյո՞ք Հայաստանը հիմա ունակ է դրանցում գրանցելու հաջողություն:
- Բանակցողն այն մարդն է, որն ԱԺ ամբիոնից ուղիղ եթերով հպարտությամբ նշում է, որ ինքն է Արցախի ձախողված պատերազմի պատասխանատուն, ինքն է 5000-ից ավելի զոհերի մեղավորը, ինքն է, որ երկիրը հասցրել է աղետի և պատրաստվում է Արցախը հանձնել Ադրբեջանին, ինքն է, որ կարծում է՝ Արցախի հայկական լինելը սխալ է։ Այս ամենը գնահատականներ չեն, այլ փաստեր։ Այսքանից հետո ասել` Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի հետ ինչ-որ օրակարգ պետք է քննարկի, արդյո՞ք հայկական շահ կա, թե՞ չկա. հայկական շահը մահացավ 2018 թ., երբ սույն արարածին բերեցին իշխանության։ Սույնին բերեցին իշխանության մի քանի հիմնական պատճառներով: Առաջինը` Արցախի հարցի լուծում` հօգուտ Ադրբեջանի, երկրորդ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, երրորդ` Ռուսաստանի` տարածաշրջանից դուրս մղման պայմանների ապահովում։ Այս անձնավորությունը, ո՛չ ավելի, ո՛չ պակաս, այդ օրակարգը իրականացրեց, և այսօր հասել ենք այն հանգրվանին, որ չկան որևէ խոչընդոտներ կամ նախապայմաններ, որոնք Թուրքիան առաջադրել էր Հայաստանի առջև: Հիշեցնենք՝ դրանք էին Արցախի խնդրի ադրբեջանանպաստ լուծումը, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումը, Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող քաղաքականությունից հրաժարում, իսկ հիմա նոր նախապայման կա՝ Սյունիքի վրայով միջանցքի տրամադրումն է Ադրբեջանին։ Հայ-թուրքական օրակարգ չկա Հայաստանում, կա թուրք-ադրբեջանական օրակարգ։ Հայաստանի գործող իշխանություններն ունեն հարճի կարգավիճակ. սպասարկու, քաղաքական թիմ է, միայն թե ապահովի երկու նախապայման՝ իրենց մասով․ Թուրքիան և Ադրբեջանը լոբբինգ անեն, որպեսզի Հայաստանի գործող իշխանությունները շարունակեն մնալ իշխանական աթոռին, և այն հեղինակազրկող նյութերը, որոնք կան կոնկրետ երկու-երեք անձի հետ կապված, չհրապարակվեն։ Դատողությունները, որոնք ես հնչեցնում եմ, ունեն տրամաբանական կապեր այն վարքի հետ, որոնք ցուցադրում է տվյալ արարածը վերջին մի քանի տարիների ընթացքում՝ չարձագանքելով իրեն ուղղված վիրավորանքներին և այլն։ Նրա վերաբերմունքը Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ հայտնի է դեռ վաղուց, նա ատում էր հայ զինվորին, նա ատում էր Վազգեն Սարգսյանին. այդ մասին նա գրում էր իր խմբագրականներում։ Սա է իրականությունը` Հայաստանը սպասարկում է թուրք-ադրբեջանական օրակարգը։
- Չենք կարող չանդրադառնալ նաեւ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից պարբերաբար հնչեցվող եւ վերջերս առավել վտանգավոր, իրականությունը խեղաթյուրող ու հայկական շահերը ոտահարող դիրքորոշումներին։ Մասնավորապես, նա ասուլիսում կասկածի տակ դրեց արդեն նաև առնվազն նախկին ԼՂԻՄ տարածքի վերականգնման պահանջի լեգիտիմությունը: Ինչպե՞ս հասկանալ այս հայտարարությունները, որոնք մեկը մյուսի հետևից հաղթաթուղթ են Բաքվի բռնապետի ձեռքում։
- Խնդիրը սկսվում է 1998 թ.։ 2008 թ. հետո սույն արարածին սկսեցին նախապատրաստել, որ գա ինչ-որ մի ժամանակահատված, և նրան իշխանություն փոխանցեն։ 2019-ին «Независимая газета» թերթում բավական բաց հոդված հրապարակվեց, որում նշված էր, որ Հայաստանի գործող իշխանությունները (կոնկրետ անձերի մասին էր խոսվում) Արցախի անվտանգության գոտի համարվող տարածքները` 5 շրջանները, ամեն մեկը 1 մլրդ դոլարով վաճառելու են կամ վաճառել են, և շատ այլ տվյալներ էին գրված։ Հայաստանի կողմից ոչ մի մակարդակով արձագանք չեղավ։ 2018 թ. իշխանափոխությունից հետո գործող վարչապետի օգնականը ինտեսիվ կապի մեջ էր Ադրբեջանի հետ։ Որքան էլ հերքեն, փաստեր կան, մարդիկ, որ այդ ամենի մասին տեղյակ են։ Այսօր ուղղակի հայտարարությունների մակարդակով ասված գործընթացների վերջակետի օրն է։ Գործող վարչապետը հայտարարեց, որ Արցախը հայկական չէ, այնտեղ եղել են փոքրամասնություններ։ Մարդը ադրբեջանական իշխանությունների հարճն է, և սպասարկում է ադրբեջանական շահը։ Ինձ թվում է, որ նրա համար արդեն ծիծաղելի է դառնում այս ամենը, քանի որ նա ասում է. «Ես էլ ի՞նչ ասեմ, որ սրանք հասկանան` ես էս եմ»։ Այստեղ փորձագիտական վերլուծության, գնահատականի կարիք չկա. մարդը ասում է` Արցախը Ադրբեջանինն է։ Դա վերլուծողն առնվազն հիմար պետք է լինի։ Մարդը ասում է` եկեք ձեր պետությանը տեր կանգնեք. փողոցում, ինչ ճանապարհով ուզում եք տեր կանգնեք, եթե տերը չեք, ուրեմն ստրուկի, գաղթականի հոգեբանությամբ ապրեք։ Նա ասում է` այո՛, ես դավաճան եմ, էլ ավելի վատ բան էլ եմ, ի՞նչ եք ուզում։
Ի դեպ, Ալիևը շատ ռացիոնալ է իրեն պահում, որովհետև հասկանում է` պետական շահն ինչ է։ Փորձելու է վերցնել ամեն բան, ինչ հնարավոր է։ Ի դեպ, «Զանգեզուրի միջանցքի» հարցը շատ վաղուց լուծված է։ Երբ արդեն այդ խնդիրը ակնհայտ լինի, նորից մեր հասարակական ակտիվ շրջանակները, որոշ քաղաքական ուժեր ասելու են` օ՜, սա դավաճան է։ Իրո՞ք, նոր պարզեցիք, որ սա դավաճան է։ Եկեք քննարկենք նրա դավաճան լինելու 50 տարբեր նրբերանգները։ Խնդիրն այն է, որ սույն անձնավորությունն ունի սպասարկման մեծ շահ, բայց ոչ՝ հայկական շահը։ Նույն խնդիրը միաժամանակ փորձում է վաճառել արտաքին տարբեր գործընկերների, միայն թե ինքը շարունակի մնալ իշխանության։ Նրա համար իշխանության մնալը կյանքի որոշակի երաշխիք է։ Ավելին` ենթադրում եմ, որ սույն անձնավորությունն արդեն դիմել է անձնական անվտանգության երաշխիքներ ստանալու համար։ Դա շատ տրամաբանական է, նա իր հայտարարության մեջ էլ նշեց, որ, այո՛, ինքը շատ լավ գիտի` ի՞նչ է արել։ Շատ լավ հասկանում է, որ դրան կարող է հետևել անձնական դատաստան։
- Ակնհայտ է, որ Ն. Փաշինյանը ձեռքերը լվանում է Արցախից` ստելով, իրականությունը խեղաթյուրելով և նախորդ բանակցությունների վերաբերյալ թուրքական գնահատականներ տալով։ Ականատես եղանք, թե ինչպես Արցախի նախագահը խախտեց երկարամյա լռությունը և խոսեց Արցախի ժողովրդի անունից։ Հարց է առաջանում` հավատա՞նք, որ Փաշինյանի` ասուլիսի ժամանակ հնչեցրած դավաճանական մտքերը այդչափ պատվախնդրություն ծնեցին Արցախի իշխանությունների մոտ։
- Հայաստանի գործող իշխանությունները, վստահ եմ, Արցախի նախագահի մասով ունեն մի քանի տասնյակ հատոր՝ հանցակազմ ենթադրող գործեր։ Այդ մասին, ենթադրում եմ, տեղյակ է Հարությունյան Արայիկը, և այն հայտարարությունը, որ նա արեց՝ որպես արձագանք (չէր կարող դա չանել), ոչ թե Արցախի շահերի պաշտպանությամբ էր պայմանավորված, այլ ներքաղաքական իրավիճակը, իր պատկերացմամբ, կառավարելի դարձնելու համար էր։ Հակառակ դեպքում՝ ինչո՞ւ հաջորդ օրը Արցախի ԱԺ-ն բավական կոշտ հայտարարությամբ հանդես եկավ։ Խնդիրն հետևյալն է՝ Փաշինյանի ասուլիսից հետո Արայիկ Հարությունյանը հասկացել է, որ միգուցե իրավիճակ փոխվի Արցախում, և փորձել է համոզել իր թիմակիցներին, որ միայն իր հայտարարությամբ սահմանափակվեն, բայց թիմակիցները դեմ են եղել։ Ինքը, այնուամենայնիվ, այդ հայտարարությունը արել է, նրանք էլ՝ իրենցը։ Այստեղ խնդիրն այլ է. Արայիկը շատ լավ հասկանում է, որ, եթե ինքը հրաժարական տա, և Հայաստանում գա ուրիշ իշխանություն, ինքը դատվելու է, ընդ որում՝ պետական դավաճանության հոդվածով։ Եթե Արցախի նախագահը լիազորությունները վայր դնի, ապա Արցախում այլև ընտրություններ չեն լինելու։ Դա լինելու է Արցախը Ադրբեջանի կազմ մտցնելու հերթական և վերջնական քայլը։
- Նման դեպքում Ռուսաստանն ինչպիսի՞ դիրք կզբաղեցնի։
- Արցախի՝ գոյություն ունենալը պայմանավորված է ռուս խաղաղապահների գործոնով։ Ավելին՝ պատերազմի ժամանակ նախատեսվում էր ամբողջ Արցախը հանձնել (նույն Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտը տարհանելու հրաման էր տվել)։ Ռազմական գործողությունները Ստեփանակերտ չէին հասել, բայց հրաման էր տվել՝ գիտեր, որ հանձնելու են։ Ինչ վերաբերում է ռուսներին, ապա նրան վիճակը այստեղ նախանձելի չէ. նրանք չեն կարող ստիպել հայկական կողմին՝ Արցախը պահել։ Եթե հիվանդը ցանկանում է մեռնել` բժիշկն անզոր է։ Հայկական կողմը, ի դեմս գործող վարչապետի, ցանկանում է Արցախը հանձնել, իսկ Հայաստանը դարձնել հարճ։
Լենա Կարապետյան