ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ենթական լինելու հիմքով դատարանը չի կարող մերժել միջնորդությունը․ փաստաբանը պնդեց
Քաղաքական

Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանի դատավարության ժամանակ դատավոր Սամվել Մարդանյանը համայնքապետի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն և անձնական երաշխավորություն ներկայացրած անձանց բացատրեց մեղադրանքի էությունը՝ ասաց, որ համայնքապետը պաշտոնական դիրքն օգտագործել է համայնքի շահերին հակառակ, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է էական վնաս՝ հայտնում է Yerkir.am-ը։
Ապա մեղադրող կողմը նշեց որ այլ խափանման միջոցները ի զորու չեն ապահովելու Հարություն Մանուչարյանի պատշաճ վարքագիծը։ Նա ասաց, որ քանի որ վարչական տարածքների ղեկավարները նշանակվել են պրն․ Մանուչարյանի կողմից և նրան են ենթակա, ապա նրանց երաշխավորությունը չի կարող հաշվի առնվել, հետևաբար ներկայացված միջնորդությունը պետք է մերժվի։
Հարություն Մանուչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը պնդեց, որ օրենքում նման վերապահում գոյություն չունի, որ քանի որ վարչական տարածքների ղեկավարները նշանակվել են պրն․ Մանուչարյանի կողմից և նրան են ենթակա, ապա նրանց երաշխավորությունը չի կարող հաշվի առնվել․ օրենքը որևէ ձևով այդ հարցին չի անդրադարձել, ուրեմն այդպիսի հիմքով դատարանը չի կարող մերժել միջնորդությունը։
Նա նշեց, որ օրենքը միայն պահանջում է, որ երաշխավորող անձինք վստահություն կամ հեղինակություն վայելեն, իսկ ո՞վ ավելի շատ հեղինակություն կարող է վայելել, քան վարչական տարածքների ղեկավարները․ այդ մարդկանց վստահված է մի ամբողջ տարածքի հետ կապված հարցեր, եթե վստահություն չվայելեին, այդ տեղում չէին լինի։
Փաստաբան Ալումյանը նաև ասաց, որ նախորդ դատական ակտից հետո ամեն ինչ փոխվել է․ նախաքննության ընթացքում դեռ վկաները հարցաքննված չեն եղել, մեղադրական ապացույցների ներկայացումը ավարտված չէր, հետևաբար, այդ փուլու իրավիճակն այլ էր, իսկ այժմ բոլոր հիմքերը կան համայնքապետի խափանման միջոց կալանքը գրավով և երաշխավորությամբ ազատությամբ փոխարինելու, ինչի միջնորդությունը ներկայացրել է ինքը և Բերդի վարչական համայնքների 10 ղեկավարներ և ավագանու անդամներ։
Դատարանը որոշումը կհրապարակի վաղն առավոտյան։
Մանրամասն՝ տեսանյութում․